am
en
ru

Նորություններ

ՏՏ լուծումներն իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառող 8 ընկերություն արժանացավ «Դիջիբիզնես» մրցանակի

Հայաստանյան ոչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 8 ընկերություն ստացել է «Դիջիբիզնես» մրցանակի` իր գործունեության մեջ ՏՏ լուծումները հաջողությամբ կիրառելու համար: «ԴիջիԹեք» 8-րդ բիզնես ֆորումի շրջանակներում մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն նպատակ ունի շահագրգռելու տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը, որպեսզի նրանք լավագույն օրինակ ծառայեն իրենց գործընկերների համար: Մրցանակներ էին սահմանվել ութ անվանակարգերում: «Տարվա ՏՏ ղեկավար» ճանաչվեց Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյանը, «Տարվա առցանց ներկայություն» մրցանակը ստացավ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, «Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես»-ը` «menu.am» կայքը, «Տարվա լավագույն նախագիծ» ճանաչվեց Կոնվերս բանկը` մոբայլ վճարումների համակարգը ներդնելու համար: «Տարվա նորարար ընկերություն» ճանաչվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում» անվանակարգում մրցանակ ստացավ «Իդեալ համակարգ» խանութ սրահների ցանցը: «Նատֆուդ» ընկերությունն արժանացավ մրցանակի «ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում» իրականացնելու համար, իսկ «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկ բնագավառում» մրցանակը բաժին հասավ «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» ընկերությանը: Ներկաները գոհունակությամբ փաստեցին, որ «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումը կայացել է ու այն ծառայում է իր նպատակին, ինչում իր անգնահատելի ավանդն ունի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Ամենամյա 8-րդ Դիջիթեք բիզնես ֆորումն այս տարի կայացել է հունիսի 19-20-ին: Ֆորումին մասնակցել է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն:

Գործընկերներ