am
en
ru

Նորություններ

Ամպային տեխնոլոգիաները գալիս են օգնելու հայաստանյան կազմակերպություններին

Microsoft ընկերությունն առաջին անգամ կազմակերպել էր հանդիպում-սեմինար հայաստանյան լրագրողների համար: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ամպային լուծումների կիրառման առաձնահատկությունները, միջազգային և հայկական օրինակները և այլն: Հանդիպման շրջանակներում ելույթով հանդես են եկել Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը, Microsoft Հայաստան/Կենտրոնան և Արևելյան Եվրոպայի ծրագրավորման տեխնոլոգիաների գծով փորձագետ Լևոն Հովհաննիսյանը, VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը և Dom-Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը։

«Ամպը ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման նոր մոդել է: Ինտերնետի օգնությամբ ամպն օգտագործվում է որպես ծառայություն, որի դիմաց վճարվում է ըստ օգտագործման ծավալի: Տվյալների պահպանման և վերլուծման համար անհրաժեշտ ՏՏ լուծումներն ու ռեսուրսները կարելի է պարզապես վարձակալել որպես պատրաստի ծառայություն և լրացուցիչ գումար չծախսել այն գնելու, ինտեգրելու և այլնի համար», - նշել է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:

Microsoft կորպորացիայի ամպային ծառայությունները հաջողությամբ կիրառվում են SAP, Oracle, Kasperskij և այլ առաջատար արտադրողների կողմից: Microsoft Azure-ում են պահպանվանում նաև Linux, MySQL, Ruby, MongoDB, Hadoop և այլ Open Source ծրագրեր:

Ամպային տեխնոլոգիաների կիրառմանն են անցնում ոչ միայն կայացած կազմակերպությունները, այլև նորաստեղծ մի շարք ընկերություններ: Հայաստանում VOLO, Lime Tech, GGTaxi, Teamable, Solo Learn, 7Smart, LocalZ և շատ ուրիշներ կազմակերպություններ հաջողությամբ կիրառում են Microsoft ամպային տեխնոլոգիաներ: Հայաստանում ծնվող նորաստեղծ կազմակերպությունների զգալի հատվածը կառուցում է իր բիզնեսը անմիջապես ամպերում, ինչին Microsoft ընկերությունը մեծապես աջակցում է, տրամադրելով մինչև 750 դոլարի համարժեք անվճար ամպային ռեսուրսներ BizSpark ծրագրի շրջանակներում։ Վերջին 3 տարիներին շուրջ 40 նորաստեղծ կազմակերպություն ստացել են անվճար ամպային ռեսուրսներ՝ այս ծրագրի շրջանակներում։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նշել է, -«Խելացի ամպերը նոր հնարավորություններ են ստեղծում կազմակերպությունների ծախսերը նկատելիորեն կրճատելու, աշխատանքի արդյունավետությունն ու ապահովությունը բարձրացնելու համար»։

«Ամպային տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս բիզնեսին կառուցել ցանկացած բարդության ենթակառուցվածք հաշված րոպեների ընթացքում, հեշտությամբ ավելացնել և պակասեցնել հաշվողական ռեսուրսները՝ ըստ ընթացիկ պահանջի, լինել պատրաստ ծանրաբեռնվածությունների սպասելի և անսպասելի թռիչքաձև աճերին և այլն», - ասել է Microsoft Հայաստան/Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ծրագրավորման տեխնոլոգիաների գծով փորձագետ Լևոն Հովհաննիսյանը։

Microsoft ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ամպային տեխնոլոգիաների օգտագործման անվտանգությանը: Microsoft-ի ամպային լուծումները՝ անկախ դրանց գտնվելու վայրից համապատասխանում են Եվրամիության անհատական տվյալների պահպանման օրենսդրության բարձր ստանդարտներին:

Ամփոփելով հանդիպումը՝ Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը հավելեց, որ ամպային տեխնոլոգիաները անսահման հնարավորություններ են ընձեռնում հայկական բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման համար։ Մինչև տարեվերջ կներկայացնենք մի քանի թիրախային ծրագրեր, որոնք կօգնեն հայկական բիզնեսին չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մաս կազմել։

Գործընկերներ