am
en
ru

Նորություններ

Հայաստան կժամանեն WITSA նախագահն ու քարտուղարը

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Բանախոսները նաև ներկայացրել են 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներն ու մարտահրավերները:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019 թ-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Իսկ 2019-ին Հայաստան կժամանեն շուրջ 2000 գործարարներ, ում մենք պետք է ցուցադրենք ՀՀ-ի ՏՏ ներուժը: Ալեքսանդր Եսայանը նաև հավելեց, որ 2019-ին Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Կարեն Վարդանյանը նաև ընդգծեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Բիզնես ֆորումի շրջանակում կշարունակվեն ռազմարդյունաբերության վերաբերյալ մասնագիտական քննարկումները:

Բիզնես ֆորումի օրակարգային թեմաներն են.

Երևանում 2019 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովի(WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ
ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր
Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
Պետական համակարգերի կառավարում
Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

Գործընկերներ