am
en
ru

Նորություններ

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում գործարկվել է wcit2019 պաշտոնական կայքը, ներկայացվել է պաշտոնական տեսահոլովակը

Հունիսի 9-ին մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Բիզնես ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»: Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance - WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր: Մաևտիկա ընկերության հիմնադիր Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրեց WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվեց նաև wcit2019.org ու ցուցադրվեց WCIT 2019-ի հոլովակը: WCIT 2019-ը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն: Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար և ներդնել «Արմաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումի նաեւ քննարկվել են.
- ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
- ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
- Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր
- Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
- Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում
- Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
- Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
- Պետական համակարգերի կառավարում
- Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում:

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության հետ երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է businessforum.am կայքում:

Հիշեցնենք, որ ՏՏ Համաշխարհային համաժողովը (WCIT) WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ-ից: WITSA-ն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: ԻՏՁՄ-ն անդամակցում է WITSA-ին 2004 թ-ից: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և շահել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: ՏՏ Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2019-ին Հայաստանում սպասվում են միջազգային ՏՀՏ ոլորտի շուրջ 2000 հյուրեր:

Գործընկերներ