am
en
ru

Նորություններ

ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետը փոխանցվել է Հայաստանին

Հայաստանյան պատվիրակութունը վերադարձել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովից (World Congress in Information Technology - WCIT), որի շրջանակում գրացնել են հաջողություններ, մասնակցել մի շարք պաշտոնական և գործարար հանդիպումների, եւ որ ամենակարեւորն է՝ ստացել 2019 թ-ին համաժողովը Երևանում անցկացնելու էստաֆետը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսել են WCIT 2018-ի Հայաստանի պատվիրակության անդամներ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:

Խոսելով հաջողությունների մասին՝ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց Հնդկաստանի հետ համագործակցության հուշագրի մասին, ըստ որի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը կներդրվի նաեւ Հայդերաբադ քաղաքում: Հաջորդ հաղթանակը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահի մրցանակն էր Թումո ստեղծարար կենտրոնին:

Ա. Եսայանը նաեւ նշեց, - «Համաժողովին մասնակցել են պետական բարձր պաշտոնյաներ ինչպես Հնդկաստանից, այնպես էլ այլ երկրներից: Ներկա էին համաշխարհային ճանաչում ունեցող Adobe, Honeywell, Coursera եւ բազմաթիվ այլ ընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ: 2019 թ-ին Հայաստանում ունենալով այսպիսի պատվիրակներ՝ մենք կարող ենք նրանց ներկայացնել Հայաստանի ՏՏ ներուժը եւ ներդումներ ներգրավել»:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, նշեց, որ կոնգրեսը մեր հնարավորությունները ցույց տալու հիանալի հարթակ է, քանի որ բազմիցս է նշվել, որ Հայաստանը կարող է ապահովել հասանելիություն և լավագույն տնտեսական պայմաններով կապող օղակ հանդիսանալ դեպի իրանական ու Եվրասիական շուկաներ։

ԻՏՁՄ վարչության անդամ, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանն ասաց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների արտահանման նպատակով՝ բացի Հնդկաստանից, հանդիպումներ են անցկացրել նաեւ Ուգանդայի եւ Եթովպիայի կառավարության ներկայացուցիչների հետ, ովքեր նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների արտահանման նպատակը դրամական միջոցների ստեղծումն է, որը կարագացնի Հայաստանի բոլոր դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ ներդնելու գործընթացը: Ա. Պողոսյանը նաեւ ընդգծեց, որ «Արմաթի» փորձը 2019 թ-ին ՏՏ համաժողովի հիմնական կորիզներից մեկն է. ի՞նչու Հայաստան, որովհետեւ կա նոր սերունդ՝ այս պահին 5000 աշակերտ, որ սովորում են «Արմաթում», նրանք արդեն մեկ ուրիշ տեսակի սերունդ են, ում հետ շփվելիս արդեն պարզ է դառնում, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ԻՏՁՄ-ն WCIT-ին մասնակցել է 9 անգամ, իսկ Համաժողովի Հայաստանում անցկացնելու իրավունքը ստանալուց անմիջապես հետո սկսել են ուսումնասիրել Բրազիլիայում, Թայվանում և Հնդկաստանում տեղի ունեցած WCIT-ի կազմակերպման առաձնահատկություններն ու իրագործման գործիքները, որոնք էլ ԻՏՁՄ թիմը կհամադրի իր կազմակերպչական փորձի հետ՝ համաժողովն արդյունավետ ու պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու իրավունքը ձեռք է բերվել ԻՏՁՄ-ի կողմից դեռևս 2014-ին Մեքսիկայում անցկացվող համաժողովի ընթացքում: WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում: Այն կազմակերպվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից, որին ԻՏՁՄ-ն անդամակցում է 2004 թ-ից, իսկ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այս տարի ընտրվել է WITSA Տնօրենների Խորհրդի անդամ:

Գործընկերներ