am
en
ru

Նորություններ

Հայ գիտակը կխաղա մոսկովյան էլիտար ակումբում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման վարող եւ պրոդյուսեր Կարեն Քոչարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ 15-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայ գիտակը կխաղա Մոսկվայի էլիտար ակումբում, խոսքը Հայկ Ղազազյանի մասին է: «Դա չի նշանակում, որ ինքն այստեղ չի շարունակելու խաղալ, պարզապես այստեղ թիմի ավագի դերում էր հանդես գալիս, այնտեղ գիտակի կլինի»,-նշեց մեր զրուցակիցը: Չցանկանալով անդրադառնալ արդեն «ծեծված» թեմային՝ Կարեն Քոչարյանը շեշտեց. «Տարիներ շարունակ բացատրում էիք, թե ինչու ենք ռուսերեն խաղում, ռուսերեն էինք խաղում հենց այսօրվա համար: Քննադատելը հեշտ է, ասում են՝ հեռուստատեսության լեզուն հայերենն է, մինչդեռ, ըստ օրենքի, թույլատրելի են ո՛չ Հանրային հեռուստատեսությամբ, մասնավոր հեռուստաընկերություններում 20% օտարալեզու հաղորդումները, այդ թվում՝ նաեւ ազգային փոքրամասնությունների համար: Այսինքն՝ ոչ մի օրենք չի խախտվում: Երբ նույն Գարիկ Մարտիրոսյանն ակցիաներ է անում, ոչ մեկը չի ասում, թե նա ռուսերեն է խոսել, բոլորը հպարտանում են: Այսինքն՝ կապ չունի Գարիկն է, հայերեն խոսող մեկը, թե անգլերեն խոսողը, էականը միջազգային ասպարեզում մեր ազգը լավագույնս ներկայացնելն է»: Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը ստեղծվել է 1975 թվականին Մոսկվայում՝ հեռուստապրոդյուսեր եւ հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի եւ Նատալյա Ստեցենկոյի կողմից։ Հայաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» ինտելեկտուալ շարժումը սկսվել է 80-ականներից, հայաստանյան առաջին առաջնությունն էլ կայացել է 1994 թվականին: Ներկայումս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ցուցադրվում է «Արմենիա» TV-ով:

aravot.am

Գործընկերներ